×


Արսեն Միքայելյան. «Թատրոնի դրամարկղի տանիքին գտա այն մարդկանց, որոնք որոշիչ դարձան իմ ձեւավորման հարցում»

BRAVO.am-ի նոր շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Միքայելյանի հետ:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:

- Վախենում եմ ամբոխից, երազում եմ համամոլորակային խաղաղության մասին, որ մարդկությունն էլ իրար ուտելու պատճառներ չունենա, ուզում եմ երեխա ունենալ (ծիծաղում է,-հեղ.)։

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը», «Իմ անձնական Այդահո նահանգ» ֆիլմում Ռիվեր Ֆենիքսի դերակատարումը, «The Doors» խմբի երգերը:

- Դերասան լինելու 3 առավելություն:

- Գունավորում է իրականությունը, մշտապես երեխա ես՝ անկախ տարիքից, սկսում ես ճանաչել քո անճանաչելի կողմերը։


- Իսկ մասնագիտության ամենադժվար կողմերը:

- Առավոտյան ժամը 11:00-ի փորձերը, զգեստի ընտրությունը, երբ ստիպված ես անընդհատ հագնել ու հանվել, բեմական փորձերի առաջին օրերը, երբ մոռանում ես ամեն ինչ ու դառնում զրո կուրսի ուսանող։

- Կերպարը ստանալու 3 գաղտնիք:

- Ինքս ինձ համակարգչային խաղում եմ տեսնում եւ միաժամանակ այն խաղացողն եմ, որի ձեռքում է վահանակը։ Փորձում եմ շարժել մարմինս այնպես, ինչպես ուզում եմ։ Ընտրում եմ երգեր, որոնք հետո բացառապես այդ կերպարի ու ներկայացման հետ են ինձ ասոցացնելու։ Հենց այդ երգերն էլ դառնում են մտապատկերներիս սաունդթրեքերը։ Անկախ ռեժիսորի հանդեպ ունեցած վստահությունից՝ ոչ մեկն ինձնից ճշգրիտ ու սառնասիրտ չի կարող պատկերացնել, թե ինչ եմ ուզում ստանալ։ Հետեւաբար, փորձերի կեսից ինքս ինձ հեռախոսով գաղտնի նկարում եմ ու հետո մանրակրկիտ վերլուծում, թե ինչն է կիսատ, ինչն ամբողջական։

- 3 դերասան, որոնցից ամենաշատն եք ոգեշնչվել:

- Ինչպես արդեն նշեցի, Ռիվեր Ֆենիքսից, Քեյսի Աֆլեքից՝ «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմում, Օլիվիա Քոլմանից՝ ամենուր։



- Դեր, որն ամենաշատն է վախեցրել:

- Ուիլյամ Նորթոնի «Թռչնակը» պիեսի հիման վրա ներկայացման կերպարս: Հիմա փորձերի շրջանն է, ռեժիսորը Տաթեւիկ Մելքոնյանն է՝ մի շատ հրաշալի, բազմաշերտ ու խոր մարդ, որի հետ ստեղծագործելը հաճույք է։

- 3 հոգեվիճակ, որ ունենում եք միայն թատրոնում:

- Վախ մարդկանցից ու դերի տապալման մտքից, հոգեւոր վայելք, երեխայություններ անելու օրինական ցանկություն։

- Ժամանակակից հայ թատրոնը՝ մի քանի բառով:

- Սրտխառնոց առաջացնող ներկայացումներից մինչեւ միջազգային մասշտաբի հզոր ստեղծագործություններ՝ տատանվում է հայ թատրոնը։ Զիլ երիտասարդ ուժեր կան, ովքեր տարված են նոր ուղղությունների որոնումներով, եւ դա ոգեւորիչ է։ Բայց նաեւ կան խունացած մակաբույծներ, ովքեր կառչած են իրենց անձնական ժամանակի պատկերացումներից ու չեն նկատում, որ ժամանակավրեպ են։

- Արվեստագետ, որի հետ դեմ չէիք լինի երեկոյան զրուցել:

- Կուրտ Քոբեյն:


- Իսկ ի՞նչ հարց կուզեիք տալ:

- Կա՞ն արդյոք ուրիշ իրականություններ։

- Գյումրիում Ձեր սիրելի վայրերը:

- Վարպետաց փողոցը, մեր բակը, «Տետրա» փաբը։

- 3 բույր, որոնց հետ ասոցացվում է Գյումրին:

- Ընկուզենու հոտը, նոր թխած հացի ու ձյան։

- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Հայրս, հայրս, հայրս։



- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

-Ո՞ր Արսենը՝ Փառչո՞ն, թե՞ Քիթը։

- Անսպասելի բան, որը Ձեզ հետ տեղի է ունեցել այս ամիս:

- Սկսել եմ լողալ սովորելու նշաններ ցույց տալ։

- 3 բան, ինչից հրաժարվել եք այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Չկան։

- 3 մարդ, որ Ձեզ շատ լավ են ճանաչում:

- Ընկերս ու դասախոսս՝ Լյուդվիգ Հարությունյանը, Ծիշաս՝ Քրիստինե Զիրոյանն, ու մտերիմ ընկերներս։

- Նշեք Ձեր բնավորության գծերից 3-ական, որոնք ամենաշատն եք սիրում ու որոնից կուզեիք հրաժարվել:

- Կատարելության ձգտումը, չբավարարվելու հակումը, խաղաղասիրությունը: Իսկ չեմ սիրում ձանձրույթը, անտարբերությունը, կասկածամտությունը, որը վերջերս է հայտնվել (ծիծաղում է,-հեղ


- 3 վայր, որ որոշիչ են եղել Ձեր կյանքում:

- Կենտրոնական այգու փոքր կամրջակը, որտեղ սկսվել ու վերջացել են շատ պատմություններ, թատրոնի դրամարկղի տանիքը. այնտեղ գտա այն մարդկանց, որոնք որոշիչ դարձան իմ ձեւավորման հարցում, Վենետիկը, որն ինձ նվիրեց կյանքիս ամենախորհրդավոր գիշերներից մեկը։

- 3 անհրաժեշտ ապրում:

- Ներդաշնակություն, խռովք, կիրք։

- 3 ոգեշնչող հանգամանք:

- Արեւ, հույս, սպասում։

- Այս տարվա լավագույն պահի կադրը:

- Վենետիկն իր մոգական խառնվածքով մեկընդմիշտ թափանցեց ներս ու դաջվեց հիշողությանս մեջ: Քաղաքն ինձ տրվեց, ես՝ նրան, ու այդ եռօրյա ուղեւորությունը փոխեց երկուսիս էլ: Վերադառնալու գործում վարպետ չեմ, բայց այս քաղաքի դեպքում ընտրություն չկա՝ հանդիպելու ենք. խոստացել եմ նրան (ծիծաղում է,-հեղ



- Հենց հիմա ի՞նչն է Ձեզ պակասում:

-Հավատս։

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Պահերի, որոնք ձեւավորում են իմ աշխարհը։

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Օդապարիկից ցատկել։

- Ի՞նչ կուզեիք սովորել:

- Բժշկություն, իտալերեն, աստղագիտություն։

- Ինչի՞ց երբեք չէիք հրաժարվի:

- Խնձորից։


- Ի՞նչ կա 2023-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Մեկ կարեւոր կինոնախագիծ կա, որի նկարահանումները կսկսվեն օգոստոսին, իսկ սեպտեմբերին պատրաստվում եմ Տաթեւիկ Մելքոնյանի ներկայացման պրեմիերային։ Տարին սկսվել է ճանապարհորդություններով, կարծում եմ՝ այդպես էլ կշարունակվի։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ BRAVO.am-ի, անձնական արխիվից, Արտյոմ Սամիգուլինի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին